Առաջին օգնությունը ուշագնացության ժամանակ

Դժվար թե գտնվի մարդ, որն իր կյանքում ականատես եղած չլինի ինչ-որ մեկի ուշագնացությանը: Ըստ ամերիկյան վիճակագրական տվյալների, չափահաս մարդկանց մոտավորապես մեկ երրորդի կյանքում եղել է ուշագնացության գոնե մեկ դեպք , իսկ անհետաձգելի բուժօգնություն ստացողների 3%-ը ուշագնացության պատճառով դիմողներն են:

 

Ուշագնացությունը կամ ուշաթափությունը գիտակցության հանկարծակի և կարճատև կորուստն է, որն առաջանում է բացառապես ուղղահայաց դիրքում (նստած կամ կանգնած) և արագ վերականգնվում հորիզոնական դիրքում: Այն գլխավորապես պայմանավորված է ուղեղի անոթների սուր սպազմի պատճառով գլխուղեղի կարճատև սուր թթվածնաքաղցով, սրտի աշխատանքի կարճատև կանգի կամ սրտի արտամղման ծավալի կտրուկ նվազմամբ: Ցանկացած իրավիճակ, որն ուղեկցվում է գիտակցության երկարատև բացակայությամբ, պայմանավորված է գլխուղեղի գործունեության առավել խոր ախտահարումով (կոմա), որը պահանջում է մասնագիտացված բժշկական օգնություն:

 

Մարդն ուշագնաց կարող է լինել սուր ցավի, վախի, տոթ և չօդափոխվող տարածքում երկարատև գտնվելու, սթրեսի, ֆիզիկական գերծանրաբեռնվածության, երկար ժամանակ քաղցած մնալու, արյունահոսության կամ պառկած դիրքից կտրուկ կանգնելու դեպքում և այլն: Այն կարող է լինել ինչպես քրոնիկական հիվանդություններով, այնպես էլ բացարձակ առողջ մարդկանց և նույնիսկ մարզված անձանց մոտ: Ուշագնացության դեպքերն առավելապես հաճախակի են սրտի ռիթմի տարաբնույթ խանգարումներով մարդկանց շրջանում:

 

Առաջին օգնությունը, որոշ դեպքերում նաև ինքնօգնությունը, կարևորվում է այն պարզ պատճառով, որ ուշագնաց մարդու մոտ ոչ միշտ կարող են լինել բուժաշխատողներ: Արագ կազմակերպված և ճիշտ օգնությունը թույլ է տալիս կանխել ուշագնացության հետ կապված հնարավոր բարդությունները, իսկ որոշ դեպքերում` կանխել մահվան ելքով իրավիճակները:

 

Առօրյայում քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ ցանկանալով օգնել, սակայն չունենալով նման իրավիճակներում ձեռնարկվող գործողությունների վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ, ոչ միայն ձգձգում են համարժեք օգնությունը, այլև ուշագնացին որոշակի վնասվածքներ են պատճառում: Նախաբժշկական առաջին օգնության այբուբենը պետք է հասու լինի յուրաքանչյուրին:

 

Շատ դեպքերում ուշագնացությունը փաստում են շրջապատի մարդիկ, իսկ նրանց բացակայության դեպքում գիտակցության վերականգնումից հետո անձը չի կարողանում հիշել` ուշաթափվել է, թե ոչ: Ուշագնացությունը, որպես կանոն, վերականգնվում է առանց որևէ կողմնակի օգնության` վայրկյաններից մինչև մի քանի րոպեի ընթացքում:

 

Ի՞նչ նախանշաններ են բնորոշ  ուշագնացությանը

 

Ուշագնացությունը հաճախ սկսվում է գլխապտույտով, նողկանքի, օդի անբավարարության, կրծքի շրջանում ճնշման զգացումով, մարմնի թուլությամբ, առատ քրտնարտադրությամբ, գունատությամբ, ականջներում խշշոցի և աչքերի առջև ՙկայծերի՚ առաջացմամբ կամ գիտակցության մթագնումով: Այս վիճակում հայտնված մարդիկ սովորաբար կարողանում են պատասխանել հարցերին և նկարագրել ինքնազգացողությունը: Նրանց երակազարկի հաճախականությունը նվազում կամ ավելանում է, իսկ որոշ դեպքերում` նույնիսկ բացակայում: Բբերը նեղանում են, ապա` լայնանում, իսկ լույսի նկատմամբ ռեակցիան` թուլանում:

 

Նման ախտանիշների դեպքում ուշագնացությունը հնարավոր է կանխել, եթե անհապաղ ձեռնարկվեն հետևյալ միջոցները:

 

  • Ապահովել թարմ օդի մուտքը և արձակել սեղմող հագուստը (օձիք, փողկապ, գոտի և այլն):
  • Ուշագնացին պառկեցնել հարթ տեղում և ոտքերը բարձրացնել, իսկ եթե պառկեցնելու հնարավորություն չկա, ապա նստեցնել և հնարավորինս թեքելով մարմինն առաջ` գլուխն իջեցնել դեպի ծնկները:
  • Թեթև շարժումներով մերսել քունքային շրջանները և վերին շրթունքափոսը:
  • Շնչելու համար տալ անուշադրի սպիրտ (հնարավորության դեպքում):

 

Ի՞նչ անել ուշագնացության դեպքում

Ուշագնացության դեպքում գիտակցությունը բացակայում է, և մարդը չի արձագանքում իրեն ուղղված խոսքին կամ ցավային գրգռիչին: Ուշագնացին առաջին օգնությունը պետք է ցույց տա շրջապատում գտնվողներից այն անձը, որն ունի անհրաժեշտ գիտելիքներ և փորձ, ինչպես նաև ունակ է հսկելու իրավիճակը: Հակառակ դեպքում, ինչպես փորձն է ցույց տալիս, օգնողները խառնաշփոթի և շտապողական վիճակում խանգարում են միմյանց և կատարում հակացուցված գործողություններ: Ուշագնացության դեպքում անուշադրի սպիրտի օգտագործման վերաբերյալ տարբեր մասնագետներ տարբեր և հակասական կարծիք են հայտնում: Մեր խորին համոզմամբ, եթե այն ձեռքի տակ չկա, ապա պետք չէ ավելորդ ժամանակ վատնել դրա որոնման համար: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ անուշադրի սպիրտի անզգույշ օգտագործումը կարող է առաջացնել աչքերի, կոպերի և բերանի լորձաթաղանթների այրվածք, ինչպես նաև փսխման ռեֆլեքս և փսխած զանգվածով շնչուղիների խցանում:

 

Անհրաժեշտ է հիշել`

 

  • Ուշագնաց մարդուն չի կարելի բերել ուղղահայաց դիրքի (նման դեպքում ուղեղի թթվածնաքաղցն ավելի է խորանում):
  • Չի կարելի ապտակներ կամ այտերին հարվածներ հասցնելով կամ դեմքին ջուր լցնելով փորձել վերականգնել գիտակցությունը: Պետք է հիշել, որ եթե գիտակցության կորստի պատճառը հասարակ ուշագնացությունն է, ապա վերը նշված միջոցների օգնությամբ գիտակցությունն արագորեն կվերականգնվի: Չի բացառվում, որ կոմայի պատճառը լինի ուղեղի առավել խորը ախտահարումը, երբ ուժ գործադրելու միջոցով գիտակցության վերականգնումը հակացուցված է:
  • Չի կարելի ուշագնացին դեղամիջոցներ տալ: Անգիտակից մարդու կլլման ակտը չի գործում և հնարավոր է, որ դեղահաբն ընկնելով շնչուղիներ, առաջացնի շնչահեղձություն և շնչառական սուր անբավարարություն:
  • Չի կարելի փորձել գիտակցությունը վերականգնել անուշադրի սպիրտի բազմակի օգտագործմամբ, եթե միանվագ կիրառումը ցանկալի արդյունք չի տալիս: Խորհուրդ չի տրվում շնչելու համար տալ սուր հոտով այլ դեղամիջոցներ:
  • Արգելվում է, ինչպես ընդունված է ասել կենցաղում, «կուլ գնացած» լեզվի դուրս բերման համար կենցաղային տարբեր մետաղյա առարկաների և գործիքների օգտագործումը, ինչպես նաև մատների օգնությամբ լեզուն դուրս հանելու գործողությունը (մատների օգնությամբ բերանի խոռոչից դուրս է բերվում օտար մարմինը, բայց ոչ լեզուն): Նման դեպքում ոչ միայն դժվարանում է ազատ շնչառությունը, այլև կարող են առաջանալ բերանի խոռոչի լորձաթաղանթի վնասվածքներ կամ ատամների կոտրվածքներ, օգնություն ցուցաբերողի մատների լուրջ վնասվածքներ, ինչպես նաև վարակական հիվանդություններ փոխանցվել: Ընդամենը պետք է հիշել, որ լեզվի արտանկման վտանգը կանխելու համար պետք է ուշագնացին պառկեցնել կողքի:
  • Անհրաժեշտ է մասնագետի խորհրդատվություն` անկախ գիտակցության կորստի առաջացման պատճառներից, տևողությունից և գիտակցության վերականգնումից հետո ինքնազգացողության վիճակից: Ուշագնացությունից հետո ինքնազգացողության լավացումը կարող է լինել խաբուսիկ կամ ժամանակավոր: Այդ նկատի ունենալով, չպետք է հետաձգել մասնագիտական որոշ հետազոտություններ` ուշագնացության պատճառը պարզելու համար:

 

Ավելորդ չէ մեկ անգամ ևս շեշտել, որ գիտակցության կորուստը շատ դեպքերում կարող է լինել կոմատոզ վիճակի հետևանք` պայմանավորված շաքարային դիաբետով, թունավորումներով, որոշ դեղամիջոցների (նաև` թմրամիջոցների) չարաշահումով, գանգուղեղային վնասվածքներով կամ ուղեղային արյան շրջանառության սուր խանգարումներով: Ուշագնացության ցանկացած դեպք անհրաժեշտ է հետևողականորեն վերլուծել` առկա հիվանդությունները և դրանցով պայմանավորված բարդությունները բացառելու նպատակով: