1. ՈՒսուցման կազմակերպման արդյունավետ եղանակներ

Ուսումնական գործընթացի կազմակերպման ավանդական եղանակները

Ֆրոնտալ աշխատանք

Սա Հունգարիայի ներկայիս կրթական համակարգում ուսուցման առավել հաճախ օգտագործվող ձևն է։ Այն արդյունավետ է՝ հիմնականում աշակերտներին նոր հասկացություններին ծանոթացնելու կամ նոր նյութ ներկայացնելու համար։ Դասերի անցկացման այդ ձևը սակավ հնարավորություններ է տրամադրում աշակերտներին՝ մասնակցելու դասավանդման գործընթացին։ Ավելին, դասարանի ուշադրությունը 40–45 րոպե անընդմեջ կենտրոնացված պահելը նույնպես բավականին բարդ խնդիր է ուսուցչի համար։ Ուսուցիչը տեղեկատվության աղբյուրն է, իսկ աշակերտները, որպես ընդունողներ, «կլանում» են նյութը։ Հաղորդակցումը սովորաբար բանավոր է և միակողմանի ու նպատակ ունի տրամադրել (և ընդունել) տեղեկություններ։ Ուսուցանում–ուսանում գործընթացում ընդգրկված մասնակիցների միջև փոխադարձ կապը խիստ սահմանափակ է։

Ինքնուրույն աշխատանք

Այս դեպքում աշխատանքը կարող է կատարվել ինքնուրույն, զույգերով կամ խմբերով։ Այս կարգի աշխատանքի նպատակն այն է, որ աշակերտներն ինքնուրույն աշխատեն։ Առաջադրանքները չեն պատրաստվում՝ հաշվի առնելով առանձին անհատների պահանջները, բոլորը միևնույն առաջադրանքն են կատարում։ Առաջադրանքներն ընտրելիս հաշվի չեն առնվում աշակերտների անձնական հատկանիշների ու կարողությունների տարբերությունները։

Ուսուցման կազմակերպման արդյունավետ եղանակներ. կառուցողական մանկավարժություն

Կառուցողական մանկավարժությունն ընդհանուր հասկացություն է։ Այն ոչ թե մեթոդ է, այլ մոտեցում, որը հիմնված է այն ենթադրության վրա, որ անհատն իր գիտելիքները ձևավորում (զարգացնում) է՝ ակտիվորեն մասնակցելով ճանաչողական գործընթացին։ Այս մտավոր գործընթացի համար անհրաժեշտ է նաև, որ աշակերտը համագործակցի մյուսների հետ։ Պարզեցված և համակարգված ուսումնական ծրագիրն աշակերտին չի կարող նման փորձառություն տալ, մինչդեռ իրական իրավիճակները կարող են։

Խիստ կարևոր է համընդգրկուն ուսումնական միջավայրի ստեղծումը։  Տեղեկատվության աղբյուրն այլևս գրքերն ու ուսուցիչները չեն, այլ իրական կյանքը։ Խմբային աշխատանքի միջոցով աշակերտները հնարավորություն ունեն իրական կյանքին նմանեցված իրավիճակներում որոնելու իրական խնդիրների լուծումներ՝ օգտագործելով տարբեր ձևեր և տարատեսակ եղանակներ։ Կառուցողական մանկավարժության համար անհրաժեշտ են ուսման հատուկ պայմաններ, որոնք հնարավորություն կտան աշակերտներին համագործակցելու և օգնություն ցուցաբերելու միմյանց։ Նրանք կարող են օգտվել մի շարք գործիքներից և տեղեկատվության աղբյուրներից՝ իրենց խնդիրները լուծելու և նպատակին հասնելու համար։

Անհատական համակարգիչներով կահավորված դասարաններում կարող են կիրառվել մի շարք մանկավարժական մեթոդներ և ուսման եղանակներ (ինչպես օրինակ՝ խնդրի լուծմանն ուղղված և նախագծերի վրա հիմնված ուսուցում)։ Անհատական համակարգիչներով համալրված դասարանները շատ ավելի հարմար են ուսման ժամանակակից եղանակներ կիրառելու համար, քան ավանդական դասասենյակները, նույնիսկ եթե մեկ համակարգչից օգտվում է մի քանի աշակերտ։ Պատշաճ կերպով կազմակերպված ուսման և աշխատանքային պայմաններում համագործակցային ճանաչողական գործընթաց կազմակերպելու համար բավարար է մեկ կամ երկու անհատական համակարգիչ։ Տիպիկ ՏՏ սենյակն՝ իր սահմանափակ տարածքով և աշակերտական սեղանների ոչ ճկուն դասավորվածությամբ չի նպաստում ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցման սարքերի ինտեգրմանը կրթական գործընթացին։

Տարբերակման մեթոդի կիրառումը դասարանում

Ֆրոնտալ աշխատանքի եղանակն ուսուցչին հնարավորություն չի տալիս հաշվի առնել առանձին աշակերտների միջև առկա տարբերությունները։

Աշակերտների միջև տարբերությունների առաջացման պատճառները՝

  • նախնական գիտելիքների տարբերությունը՝ կախված այն հանգամանքից, թե ինչպիսի ընտանիքից է տվյալ աշակերտը (նրա բառապաշարը, արժեքային համակարգը, գիտելիքը).
  • ճանաչողական կարողությունների տարբերությունները՝

– ընկալումը (ի՞նչ կարելի է դասավանդել սահմանափակ հնարավորություններով, օրինակ՝ տեսողության կամ լսողության խնդիրներ ունեցող աշակերտներին).

– կենտրոնացած ուշադրության տևողությունը.

– հիշողությունը.

– միտքն ու լեզուն՝ յոթ տեսակի ընդունակություններ՝

լեզվական–խոսակցական,

տրամաբանական–մաթեմատիկական,

տեսողական,

շարժողական/կինետիկ,

երաժշտական,

միջանձնային,

ներանձնային.

  • տարբեր բնավորության տեր աշակերտների մոտ տարբեր են՝

– սովորելու ոճը,

– մղումը,

– վերաբերմունքը,

– հետաքրքրությունները,

– ուղեղի կիսագնդերի դոմինանտությունը.

  • սեռը.
  • էթնիկական ծագումը։

Ուսումնական գործընթացը տարբերակման մեթոդով կազմակերպելու հիմնական սկզբունքները

Վերը նշված տարբերություններն անխուսափելի են դարձնում ուսուցիչների կողմից դասավանդման մեթոդաբանության մեջ նոր մոտեցումներ որդեգրելը և իրենց աշխատանքում նոր մեթոդներ ու եղանակներ ներառելը։

Այս առումով անհրաժեշտ է, որ ուսուցիչը գտնի հետևյալ հարցերի պատասխանները՝

  • ինչպե՞ս կարող եմ ավելի արդյունավետ դասավանդել.
  • ինչպե՞ս կարող եմ օգտակար լինել.
  • ինչպե՞ս կարող եմ իմ աշակերտների վերաբերմունքը դպրոցի նկատմամբ ավելի դրական դարձնել։

Տարբերակման մեթոդով ուսումնական գործընթացի կազմակերպման տարբեր մակարդակները

Խմբերի ձևավորում ըստ աշակերտների հետաքրքրությունների

Խմբերում պետք է ունենան միատարր (հոմոգեն) կառուցվածք, միևնույն խմբի մեջ ներառված աշակերտներին պետք է տրվի նույն առաջադրանքը։  Պարտադիր չէ, որ խմբի անդամները համագործակցեն միմյանց հետ, տրված առաջադրանքները նրանք կարող են կատարել ինքնուրույն, իրարից անկախ։ Նման դեպքերում հնարավոր է ստեղծել ավելի մեծ խմբեր։

Այնուհանդերձ, եթե առաջադրանքը կատարելու համար անհրաժեշտ է, որ խմբի անդամները համագործակցեն միմյանց հետ, ապա խմբում պետք է ընդգրկված լինի ոչ ավելի, քան 3–5 աշակերտ։ Խմբերի ձևավորման այս եղանակը հատկապես հարմար է շնորհալի երեխաների հետ աշխատանքի համար կամ այնպիսի իրավիճակներում, երբ անհրաժեշտ է, որ որոշ աշակերտներ առաջադիմության առումով հետ չմնան իրենց դասընկերներից։

Տարբերակումն ըստ կարողությունների

Այս դեպքում երեխաները բաժանվում են խմբերի ըստ իրենց ընդունակությունների։ Քանի որ խմբերի անդամներն ինքնուրույն են աշխատում, անհրաժեշտություն չկա ստեղծելու փոքր  (3–5 անդամից բաղկացած) խմբեր։ Յուրաքանչյուր աշակերտ իր առաջադրանքը կատարում է ինքնուրույն, մասամբ անհատական մոտեցմամբ։

Խմբերի կազմակերպումը

  • Համագործակցություն անդամների միջև
  • 3–5 անդամ ունեցող խմբերը կարող են ունենալ միատարր (հոմոգեն) կամ բազմատարր (հետերոգեն) կառուցվածք
  • Խմբի անդամները նույն առաջադրանքն են կատարում
  • Խմբում ընդգրկված՝ տարբեր ընդունակություններով աշակերտներին հանձնարարված աշխատանքները տարբերվում են իրենց բովանդակությամբ։

Ուսուցմանը ներկայացվող պահանջների տարբերակումը

Տարբերակման այս եղանակը նպաստում է ուսման դժվարություններ կամ սահմանափակ կարողություններ ունեցող աշակերտների ինտեգրմանը։ Աշակերտներն ընդգրկվում են խմբերում ըստ իրենց ընդունակությունների։ Նույն դասարանի տարբեր աշակերտների համար ուսումնական ծրագրով նախատեսվում են տարբեր պահանջներ։ Այդ աշակերտներն իրենց առաջադրանքները կատարում են ինքնուրույն կամ  խմբի մյուս անդամների հետ միասին։

Տարբերակման հիմնական սկզբունքները

Տարբեր մեթոդների իմացությունը

Որպեսզի կազմակերպման այդ տարբեր եղանակներն արդյունավետ լինեն, ուսուցիչը պետք է ծանոթ լինի նշված հասկացություններին, գիտենա, թե ինչպես են դրանք օգտագործվում, տեղյակ լինի, թե ինչպիսի առավելություններ է տալիս դրանց կիրառումը, ինչպես նաև պետք է կարողանա կարգավորել այն խնդիրները, որոնք կարող են ծագել դասավանդման գործընթացում։

Մոտեցումը

Դասավանդման այս եղանակը կարող է իսկապես արդյունավետ լինել, եթե ուսուցիչը հետամուտ լինի ուսման բազմամակարդակ գործընթացին և կարողանա այն իրագործել։

Տարբերակման հայեցակետերը

Կազմակերպման եղանակները մշտապես կախված են՝

  • Առարկայի բովանդակությունից
  • Կրթությանը ներկայացվող պահանջներից ու դասավանդման եղանակներից
  • Աշակերտների անհատական կարիքներից։

Ճկունությունը

Տարբերակում կատարելը չպետք է դառնա աշակերտների «պիտակավորման» կամ «հայեցողական ընտրության» պատճառ։  Յուրաքանչյուր աշակերտ պետք է ստանա տվյալ պահին իր համար օպտիմալ ծավալի աշխատանք։

 

Ուսման կազմակերպման եղանակները

Խմբային աշխատանք

Խմբերում ընդգրկված աշակերտների թվի նշանակությունը

Ամենափոքր խմբում պետք է ընդգրկած լինի առնվազն 3 աշակերտ, քանի որ դրանից պակաս լինելու դեպքում աշխատանքը խմբում դառնում է զույգերով կամ անհատական։ Լավագույն տարբերակն այն է, երբ խմբում ընդգրկված է 4 աշակերտ. այս դեպքում յուրաքանչյուր մասնակից կարող է ունենալ իր ենթաառաջադրանքը, և, ավելին, անհրաժեշտության դեպքում խմբի անդամներին կարելի է հեշտությամբ բաժանել զույգերի։ Վեցից ավելի աշակերտներից բաղկացած խմբերը դժվար է կառավարել, քանի որ որոշ աշակերտներ կարող են որոշել չմասնակցել խմբի աշխատանքներին և նույնիսկ խանգարել մյուսներին։

Միատարր և բազմատարր կառուցվածք ունեցող խմբերի ձևավորման մոտեցումները

Միատարր կառուցվածք  ունեցող խմբերի առանձնահատկությունն այն է, որ՝

  • տվյալ առարկայում աշակերտների ընդունակություններն ու հետաքրքրությունները գրեթե նույնն են։

Բազմատարր կառուցվածք ունեցող  խմբերի առանձնահատկությունն այն է, որ՝

  • տվյալ առարկայում աշակերտների ընդունակություններն ու հետաքրքրություններն ակնհայտ տարբեր են։

Վերջին դեպքում կարող է օգտակար լինել դերերի բաշխումը՝ ապահովելու, որ յուրաքանչյուր անդամ, իր ընդունակությունների սահմաններում, ներգրավվի խմբի աշխատանքներում։  Նման խմբային աշխատանքն ապացուցում է այն տեսությունը, որ աշակերտները կարող են շատ արդյունավետ կերպով սովորել միմյանցից։

Դերերի բաշխումը խմբում

Արդյունավետ համագործակցության հիմքում ընկած է աշխատանքի հավասար բաժանումը և փոխադարձ պատասխանատվությունը։   Դրան կարելի է հասնել խմբի առանձին անդամներին որոշակի դեր/առաջադրանք տալով։

Խմբում առաջադրանքներ և պարտականություններ բաշխելը կարող է ունենալ երկակի ազդեցություն՝

մի կողմից այն ամրապնդում է գոյություն ունեցող շփման հմտությունները,  մյուս կողմից այն ստեղծում և զարգացնում է այլ հմտություններ։

Քանի որ սկզբնական շրջանում աշակերտները չեն կարող ինքնուրույն կազմակերպել իրենց աշխատանքը, արդյունավետ կլինի, որ ուսուցիչը բաշխի դերերը (ղեկավար, քարտուղար, փաստաթուղթ կազմող, զեկուցող)։ Այս եղանակով մի կողմից հնարավոր է ժամանակ խնայել, մյուս կողմից յուրաքանչյուր երեխայի հանձնարարվում է իր ընդունակություններին առավել համապատասխան աշխատանք։ Այնուամենայնիվ, աշակերտներին պետք է նաև նոր դերերում իրենց փորձելու հնարավորություն տրվի։ (Օրինակ՝ այն աշակերտը, որը սովորաբար առաջնորդի դեր է ստանձնում, պետք է սովորի հարգել և համագործակցել առաջնորդի դեր ստանձնած այլ աշակերտների հետ, իսկ ամաչկոտ աշակերտները պետք է փորձեն հրապարակավ արտահայտվել։)

Չնայած, որ բարձր դասարաններում դերերի տարբերությունն այնքան էլ կարևոր չէ աշակերտների համար, այնուամենայնիվ պատասխանատվության զգացումը զարգացնելու նպատակով օգտակար կլինի աշակերտներին հանձնարարել դերեր՝ ըստ ուսումնասիրվող առարկայի։

Խումբ ձևավորելու եղանակները

Խումբը կարող է ձևավորվել պատահականության սկզբունքով, աշակերտների ցանկությամբ կամ էլ ուսուցչի կողմից՝ միտումնավոր կերպով։ Ակնհայտ է, որ վերջին տարբերակն ուսուցչին հնարավորություն կտա հասնելու իր դիդակտիկ նպատակներին, քանի որ այս դեպքում խմբում հնարավոր է ապահովել արդյունավետ համագործակցության բոլոր պայմանները՝

  • ընդունակությունը և գիտելիքը,
  • անձնական համակրանքը,
  • գենդերային հավասարակշռությունը,
  • էթնիկ խմբերի ներկայացուցիչների մասնակցությունը։

Խմբային աշխատանքի առավելությունները

Լավ կազմակերպված խմբային աշխատանքը մեծապես ազդում է աշակերտների անհատականության և արժեքային համակարգի ձևավորման վրա՝

  • միասին մտածելը,
  • հարմարվելու ունակությունը,
  • համագործակցությունը,
  • փաստարկներ բերելու/համոզելու ունակությունը,
  • այլոց նկատմամբ հարգանքը, տարակարծության նկատմամբ հանդուրժողականությունը,
  • խմբի մաս լինելու փորձը։

Զույգերով աշխատանք

«Զույգերով աշխատանք» և «Միասին սովորող զույգեր» հասկացությունները

  • Զույգերով աշխատանքի ընթացքում, նույն ընդունակություններով երկու աշակերտ աշխատանքը կատարում են միմյանց հետ համագործակցելով։ Սա միատարր կառուցվածք ունեցող զույգի տարբերակն է։
  • Միասին սովորող զույգերի դեպքում աշակերտներից մեկն իր ընդունակություններով զիջում է մյուսին։ Ավելի բարձր ընդունակություններով աշակերտը կատարում է «ուսուցչի» դերը (ուսանում ուսուցանելու ընթացքում)։ Սա բազմատարր կառուցվածք ունեցող զույգի տարբերակն է։

Զույգեր կազմելիս դիտարկման արժանի հանգամանքները

Իդեալական տարբերակում աշակերտները լավ են վերաբերվում և աջակցում են միմյանց։

Զույգերի տեսակները

Համագործակցող զույգերը կարող են մի շարք գործառույթներ կատարել (կարդալ, գրել, հաշվել, մտածել)։

Զույգեր ձևավորելու եղանակները

Զույգերը կարող են ձևավորվել մշտապես կամ ժամանակավորապես, կամ էլ որևէ առարկայի շուրջ (օրինակ՝ մաթեմատիկայի դասաժամի համար կազմված զույգեր) միասին աշխատելու նպատակով։

Զույգերով թե՞ խմբային աշխատանք

Փորձը ցույց է տալիս, որ 6–10 տարեկան աշակերտներն առավել արդյունավետ են աշխատում զույգերով (տե՛ս վերը նշված կետերը), երբ երկուսն էլ հավասարապես համագործակցում են։

Անհատական աշխատանքը

Անհատական աշխատանքի հասկացությունը

Յուրաքանչյուր աշակերտ ունի տարբեր ընդունակություններ և սովորելու անհատական ոճ։ Այս փաստը պետք է հաշվի առնել չափազանց բարձր կամ չափազանց թույլ ընդունակություններով աշակերտների պարագայում։ Աշակերտի անհատական ընդունակությունները զարգացնելու համար կազմված ծրագիրը կոչվում է անհատականացում։  Այն հատկապես օգտակար է շնորհալի երեխաների հետ աշխատելիս, կամ երբ անհրաժեշտ է, որ որոշ աշակերտներ առաջադիմության առումով հետ չմնան իրենց դասընկերներից։

Ինքնուրույն և անհատականացված աշխատանքի տարբերությունը

Ինքնուրույն աշխատանքը կարող է կատարվել անհատական եղանակով, զույգերով կամ խմբային աշխատանքի արդյունքում։ Կարևորն այն է, որ աշակերտներն ինքնուրույն աշխատեն։ Անհատականացված աշխատանքի դեպքում առաջադրանքը մշակված է տվյալ անհատի կարիքներին համապատասխան։

Մասամբ անհատականացված աշխատանք

  • Նույն մակարդակն ունեցող բոլոր աշակերտներն նույն առաջադրանքը կատարում են ինքնուրույն ։
  • Մասամբ անհատականացված և խմբային աշխատանքի տարբերությունն այն է, որ մասամբ անհատականացված աշխատանքը կատարվում է ինքնուրույն, առանց համագործակցության, մինչդեռ խմբային աշխատանքի հիմքում ընկած է համագործակցությունը։

Աշխատանքային թերթիկների միջոցով նյութերի տարբերակված մշակումը

Ինչպես կազմել երեք տարբեր մակարդակով իրականացվող ուսման գործընթացի աշխատանքային թերթիկներ։ (*, **, ***)

 

1–ին մակարդակ 2–րդ մակարդակ 3–րդ մակարդակ
• ավելի հեշտ

• ավելի պարզ

• ավելի քիչ տեղեկություններ

• ավելի շատ նկարներ և ցուցադրումներ

• ավելի խաղային

• անհրաժեշտության դեպքում ավելի մեծ տառաչափի օգտագործում կամ նույնիսկ բառերի վանկատում

«Միջին» աշակերտի համար մշակված աշխատանքային թերթիկ (համաձայն տվյալ դասի դիդակտիկ նպատակների, այն կարող է օգտագործվել ներկայացման, վերանայման, գործնական աշխատանքի, կրկնողության և այլնի համար)։

 

Այն պետք է օգտագործվի ամբողջ դասարանի կողմից՝ ֆրոնտալ աշխատանքի ժամանակ։

• ավելի բարդ

• ավելի համընդգրկուն

• ավելի մեծ ծավալով տեղեկություններ (հիմնականում բանավոր)

• առավել դժվար, բարդ տեքստ

• միգուցե ավելի փոքր տառաչափ