Դասի ընթացքում աշակերտներին զբաղված պահելու համար նախատեսված առաջադրանքների մշակումը

Կազմակերպման տարբեր եղանակներով տարատեսակ առաջադրանքներ կատարող աշակերտները բնականաբար չեն կարող միաժամանակ ավարտել իրենց աշխատանքը։ Շատ ուսուցիչներ վախենում են նման դեպքերում առաջացող «անգործության ընդմիջումներից»։  Այս մոդուլի նպատակն է ուսուցիչներին ներկայացնել կարճ հանձնարարությունների տիպային օրինակներ և ցույց տալ, թե ինչպես կարելի է մշակել նմանատիպ առաջադրանքներ, որպեսզի նրանք կարողանան կանխել աշակերտների անգործ մնալը և այդ ընդմիջումները լրացնեն աշակերտների ունակությունները զարգացնելուն ուղղված աշխատանքով կամ օգնեն նրանց հետ չմնալ:

Աշակերտներին զբաղված պահելու համար նախատեսված վարժությունների տեսակները

  • Նոր նյութը լրացնող խաղեր, հետաքրքրաշարժ վարժություններ—> տաղանդավոր աշակերտներին խրախուսելու նպատակով։
  • Գիտելիքների լրացուցիչ գործնական կիրառում ապահովող խաղային վարժություններ —> դասընկերներից հետ չմնալու նպատակով։
  • Միջին ընդունակության տեր աշակերտի համար նախատեսված պարզ, կարճ վարժություններ՝ հանձնարարված նյութի ընկալմանն օժանդակելու նպատակով։

Աշակերտներին զբաղված պահելու համար նախատեսված վարժությունները պետք է լինեն՝

  • կարճ (ոչ ժամանակատար),
  • դժվարության որոշակի մակարդակի (ձեռքբերման իրական զգացում ապահովելու համար),
  • խաղային և հետաքրքիր (աշակերտներին շահագրգռող)։

Կառուցողական ուսուցման փուլերը

  • Հետաքրքրության առաջացումը՝ ընտրելով աշակերտների հետաքրքրությունը շարժող և անգամ հակադիր կարծիքներ առաջացնող թեմա։
  • Խմբերի ձևավորումը՝ խմբերում բազմազանության ստեղծում (ըստ ընդունակությունների, սեռի և էթնիկական ծագման)։
  • Թիմի զարգացումը՝ խմբի համախմբվածությանը նպաստող ընդհանուր հատկանիշների և կարծիքների համատեղում։
  • Թեմայի ընտրությունը՝ հանձնարարված թեման բաժանվում է ավելի փոքր մասերի և յուրաքանչյուր խմբի տրվում է իր ենթաթեման. այսպիսով, որոշակի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է խմբի յուրաքանչյուր անդամի ներդրումը։
  • Թեմայի հետագա բաժանումը՝ ենթաթեմաներն իրենց հերթին բաժանվում են ըստ խմբերի և խմբի յուրաքանչյուր անդամ պատասխանատու է իրեն հանձնարարված մասի համար։
  • Ենթաթեմայի մշակումը՝ աշակերտներն ինքնուրույն հավաքում և մշակում են իրենց հանձնարարված մասի վերաբերյալ նյութերը։ Նրանք կարող են օգնել միմյանց, որպեսզի բոլորի մոտ ձևավորվի ձեռքբերման իրական զգացում:
  • Խմբի անդամներն իրենց ենթաթեման քննարկում են խմբում։
  • Խմբի կողմից համատեղ զեկույց պատրաստելը՝ համատեղ աշխատանքի ընթացքում խմբի անդամները բանավիճում են, համոզում և աջակցում միմյանց։
  • Ենթաթեմայի շուրջ խմբի զեկույցը ներկայացնելը՝ խմբերն իրենց աշխատանքի արդյունքների մասին զեկույց են ներկայացնում դասարանին։

Գնահատումը՝

  • խմբերը գնահատում են փոքր թեմաների մասին զեկույցները,
  • դասարանը գնահատում է զեկույցը,
  • ուսուցիչը գնահատում է զեկույցները և խմբերի պատրաստած նախագծերը։
  • Աշխատանքի արդյունքների ամփոփումը՝

Ինչպիսի՞ ներդրում է ունեցել յուրաքանչյուր աշակերտ խմբի ուսման գործընթացում։

Դասերի առաջարկվող տեսակները

  • Նոր նյութի ուսումնասիրություն
  • Գործնական աշխատանք
  • Վերանայում, գնահատում, կանխորոշիչ գնահատում

Առաջադրանքների տեսակները

  • Խնդիրներ լուծելու նպատակ հետապնդող առաջադրանքներ խմբերի համար
  • Ստեղծագործական առաջադրանքներ
  • Դիտարկման/հետազոտական առաջադրանք
  • Փաստարկներ, քննարկումներ
  • Ստուգում, գնահատում

Համագործակցային ուսման կազմակերպումը

Համագործակցային մանկավարժության նպատակն այնպիսի մեթոդների կիրառումն է, որոնք ուսման գործընթացը վերածում են սոցիալական շփման։ Հիմնական իմաստն աշակերտների՝ որպես գործընկերների խմբի համագործակցությունն է: Գոյություն ունեն համագործակցային կրթության և ուսուցման բազմաթիվ մեթոդներ (նախագծերի մեթոդը, քննարկումը, խնդիրների լուծման վրա հիմնված և դիտարկման միջոցով իրականացվող ուսումը և այլն)։ Այս մեթոդներից յուրաքանչյուրի համար գոյություն ունեն համատեղ աշխատանքի տարատեսակ եղանակներ, վարժություններ և առաջարկություններ։  Համագործակցային մեկ ճիշտ մեթոդ գոյություն չունի, սակայն կա համագործակցային մի քանի եղանակ, և ավելին՝ ներկայումս գոյություն ունեն հարյուրավոր վարժություններ և կազմակերպման եղանակներ։ Հետևաբար, ուսուցիչները կարող են այս կամ այն մեթոդը որդեգրելու փոխարեն ընտրել տվյալ մանկավարժական իրավիճակին համապատասխանող լուծում, իսկ այլ իրավիճակում՝ կիրառել այլ լուծումներ։

Խնդիրների լուծման վրա հիմնված ուսումը

Բացի գիտելիք փոխանցելուց, այս եղանակը նպատակ է հետապնդում զարգացնել աշակերտի՝ խնդիրներ լուծելու և համագործակցելու կարողությունները: Խնդիրների լուծման վրա հիմնված ուսման դեպքում աշակերտը պետք է ինքնուրույն հետազոտություն իրականացնի, կարողանա ըմբռնել խնդրի էությունը, ինչպես նաև ունենա ՏՏ ոլորտում որոշ գիտելիքներ. ուսման այս մեթոդի նպատակներից է նաև նշված կարողությունների զարգացումը։ Այս դեպքում ուսուցիչը կատարում է համակարգողի կամ խորհրդատուի դեր։ Խնդիրների լուծման վրա հիմնված ուսուցումն աշակերտներին սովորեցնում է, թե ինչպես է պետք սովորել։ Աշակերտները սովորում են խմբի անդամների հետ համագործակցությամբ՝ լուծումներ գտնելով իրական կյանքից վերցված խնդիրների համար։ Միաժամանակ նրանք սովորում են, թե ինչպես առավելագույնս արդյունավետ համակարգեն իրենց ուսման գործընթացը։ Այս մեթոդի հիմնական իմաստն այն է, որ աշակերտի կարողություններն օգտագործվում են ոչ թե պատրաստի գիտելիք տրամադրելու, այլ գիտելիք քաղելու նպատակով։ Այն դասարաններում, որտեղ աշակերտներն այս մեթոդն են կիրառում, նրանք հասկանում են, թե ինչպես է ուսումը դառնում գիտելիքի որոնման գործընթաց։  Աշակերտների մոտ ձևավորվում է քննադատական մտածելակերպ, որն իրենց հնարավորություն է տալիս ձեռք բերվող տեղեկությունները փոխկապակցել այն նպատակի հետ, որի իրականացման համար կարող են օգտագործվել այդ տեղեկությունները:  Խնդիրների լուծման և ուսման գործընթացի հաջողությունը կախված է աշակերտների դպրոցական և արտադպրոցական արդյունավետ աշխատանքից։ Առաջադրանքների խմբային կատարումը խնայում է ժամանակը և զարգացնում է խմբի անդամների  շփման և բանավոր խոսքի կարողությունները։

Խնդիրների լուծման վրա հիմնված ուսումը նորարարական մեթոդ է, որի դեպքում օգտագործվում են նոր նյութը լուծում պահանջող խնդրի տեսքով ներկայացման մանկավարժական կառուցողական մեթոդներ։

Այս մեթոդի կիրառման հիմնական քայլերն են՝

ա) առաջադրանքի սահմանումը,

բ) տեղեկությունների որոնման տարատեսակ ռազմավարությունները,

գ) տվյալներ և տեղեկություններ ստանալու մատչելիությունը (որտեղ),

դ) տեղեկությունների օգտագործումը և խնդիրների լուծումը,

ե) սինթեզը,

զ) գնահատումը:

Համագործակցային քննարկում

Համագործակցային քննարկումը աշակերտների հաղորդակցման և ճարտասանական կարողությունները զարգացնելու լավ եղանակ է։ Քննարկման ընթացքում բոլոր մասնակիցները հնարավորություն ունեն խոսելու (պայմանով, որ սահմանված կանոնները պահպանվում են)։

 

Այս եղանակի փուլերն են՝

ա) քննարկումը վարողն առարկայի վերաբերյալ հակասական հայտարարություններ է անում։Այդ հայտարարությունները փակցված են սենյակի տարբեր մասերում.

բ) յուրաքանչյուր աշակերտ, ըստ իր կարծիքի/ընկալման, կանգնում է այդ հայտարարություններից մեկի մոտ.

գ) քննարկման համար խմբեր ձևավորելուց հետո վարողը ժամանակ է սահմանում հնչեցված հայտարարությանը կողմ փաստարկները ներկայացնելու համար.

դ) փաստարկները պատրաստելուց հետո յուրաքանչյուր խումբ ընտրում է իր խոսնակին.

ե) խոսնակները նստում են սեղանի շուրջ և ստանում այսպես կոչված «քննարկման խաղանիշեր» (3-6 հատ՝ կախված քննարկման համար սահմանված ժամանակահատվածից և մասնակիցների թվից):

զ) խմբի անդամները շարվում են իրենց խոսնակի հետևից և նույնպես խաղանիշեր են ստանում: Խաղանիշերն օգտագործվում են հետևում կանգնած աշակերտներին քննարկման մեջ ներգրավվելու նպատակով: Որպես այլընտրանք, խմբի անդամներն իրենց խաղանիշերը կարող են տալ իրենց խոսնակին, եթե վերջինս սպառել է իր բոլոր խաղանիշերը, սակայն դեռևս ներկայացնելու փաստարկներ ունի.

է) Իր փաստարկներից յուրաքանչյուրը ներկայացնելիս խոսնակն իր խաղանիշերից մեկը դնում է սեղանի կենտրոնում։ Խաղանիշերը որոշում են ելույթների թիվը։ Մեկ փաստարկի գինը մեկ խաղանիշ է։ Այս եղանակն օգտագործելով՝ ուսուցիչը ոչ միայն կառավարում է քննարկման ժամանակը, այլև աշակերտներին սովորեցնում է իրենց փաստարկները ձևակերպել հստակ և հակիրճ։

Դերախաղը՝ որպես ուսուցման եղանակ 

Ստեղծագործական դերախաղը գիտելիքն անձնավորելու փորձ է։

Որպես հիմնական հասկացություններ հանդես են գալիս դերը և նույնացումը։ Դա նշանակում է, որ աշակերտները դեր են խաղում՝ փորձելով պատկերացնել, թե ինչ կանեին տվյալ դերում կամ իրավիճակում հայտնվելու դեպքում։ Կախված առաջադրանքից՝ նրանք կարող են մարմնավորել հենց իրենց՝ որոշակի իրավիճակում, կամ էլ որոշակի բնութագիր ունեցող։ Բայց նույնիսկ վերջին դեպքում աշակերտի անձը փոխազդեցության մեջ է մտնում իր կողմից մարմնավորվող կերպարի հետ։ Ահա թե ինչպես, իդեալական դեպքում, նրանք կարող են հասկանալ խնդիրը սեփական փորձառության միջոցով։

Տարբեր իրավիճակային վարժությունների համար անհրաժեշտ է ցուցաբերել էմպատիայի տարբեր աստիճաններ։ Օրինակ՝

ա) էմպատիան  բարելավելուն ուղղված պարզ վարժություններ,

բ) դիլեմաներ, որոշումների կայացում,

գ) համատեղ որոշումներ,

դ) ներկայացման պատրաստում,

ե) հայտնի պատմությունների ներկայացում դերախաղի միջոցով,

զ) իրավիճակային խաղեր,

է) ուսումնավարժանք,

ը) լուսանկարների պաստառ/հավաքածու,

թ) դատախաղ,

ժ) բանավեճ։

Դերախաղի տեղն ուսման գործընթացում

Դերախաղի, ինչպես նաև գործնական աշխատանքի վրա հիմնված մեթոդի դեպքում հարց է ծագում՝ արդյոք այն պետք է նախորդի, թե՞ հաջորդի ուսուցչի կողմից նոր թեմայի ներկայացմանը (եթե, իհարկե, նման ներկայացումը տեղի է ունենում դասի ընթացքում): Համաձայն ավանդական տեսակետի, դերախաղը խաղ է, որը պետք է անցկացնել միայն լուրջ աշխատանքն ավարտելուց հետո. ավելին, անհնար է որևէ բան ներկայացնել, երբ աշակերտները դեռևս չեն յուրացրել տվյալ նյութի փաստերը։ Որոշ դեպքերում դա այդպես է, որոշ դեպքերում՝ ոչ։ Հաճախ աշակերտների համար դերախաղը դառնում է անհետաքրքիր, երբ արդեն հայտնի է, թե նրանք ինչպես պետք է գործեն։

Մինչդեռ, եթե աշակերտները որոշակի իրավիճակ են ներկայացնում, նրանք կարող են իրենց անձնական փորձը համադրել ներկայացվող գիտելիքին հաջորդիվ։

Կագանի մեթոդով համագործակցային ուսման եղանակը

Դոկտոր Սպենսեր Կագանի «Համագործակցային ուսուցում» աշխատությունը հրապարակվել է 1985 թվականին (Սան Կլեմենտե, Կալիֆորնիայի նահանգ. Kagan Publishing)։ Այս գիրքը համագործակցային ուսուցման եղանակների ամենալիարժեք և ամենաարդի ժողովածուն է։  Այն չի առնչվում որևէ այլ մեթոդի. դրանում ներկայացված մեթոդը հայտնի է որպես Կագանի մեթոդ։ Այն մեթոդներից կազմված ժողովածու է, որոնք տեսակավորված են հիմնականում ըստ աշակերտների կարողությունների։ Կագանի մեթոդի հիմքում դրված է համագործակցության գաղափարը, և այդ մեթոդով փորձ է կատարվում հաշվի առնել անհատական յուրահատկությունները։

Ուսուցանում–ուսանում գործընթացն ունի երկու նպատակ՝

  • Տվյալ առարկայի նպատակը՝ դասավանդվող նյութի հիման վրա զարգացնել ճանաչողական հմտությունները։
  • Սոցիալական նպատակը՝ առաջինը, աշակերտները պատասխանատվություն են ստանձնում։ Երկրորդ, նյութը դասավանդվում է համագործակցության վրա հիմնված տարբեր եղանակներով, ինչն իր հերթին զարգացնում է նաև աշակերտների շփման հմտությունները։

Համագործակցության վրա հիմնված ուսուցումը խմբային ուսուցման ամենաբարձր մակարդակն է։ Խմբերի ձևավորման այս եղանակի դեպքում խմբի անդամները մեծապես ապավինում են միմյանց, ուստի զուտ առարկային առնչվող նյութեր յուրացնելուց բացի նրանք ձեռք են բերում նաև շփման հմտություններ։  Ուսուցիչն աշակերտներից չի պահանջում նման հմտություններ ունենալ. փոխարենը, նա նպաստում է դրանց զարգացմանը՝ կիրառելով համագործակցություն ապահովող տարատեսակ մեթոդներ։

Ի տարբերություն Կագանի մեթոդի, ավանդական խմբային աշխատանքը չի պահանջում համագործակցության այդքան սերտ մակարդակ, և պարտադիր չէ, որ հաջողությունը պայմանավորված լինի բոլոր աշակերտների մասնակցությամբ։ Ուսման գործընթացի կազմակերպումը բաղկացած է 6 հիմնական տարրից։

 

 

Խումբ

  • Համատեղ աշխատող խումբը բաղկացած է 3–6 մշտական անդամներից։ Խմբի անդամների միջև կապը սերտ է. նրանք ճանաչում, ընդունում և աջակցում են միմյանց։
  • Խմբի կազմը միատարր չէ՝ մասնակիցների ընդունակությունները, սեռը, համակրանքը և էթնիկական ծագումը տարբեր են։
  • Խմբերի ձևավորման եղանակները՝ պատահական կամ նպատակային։
  • Պարտականությունները խմբում, օրինակ՝

քարտուղարը պատասխանատու է ճիշտ խոսքի համար.

ժամանակը հաշվառողը պատասխանատու է ժամանակային սահմանափակումներին հետևելու համար.

աշխատանքների կատարման պատասխանատուն ապահովում է բոլորի կողմից իրենց աշխատանքի պատշաճ կատարումն ու խմբում արդյունավետ հաղորդակցությունը.

խոսնակը պատասխանատու է ուսուցչի հետ կապ պահպանելու համար, զեկուցում է կատարված աշխատանքի մասին և ներկայացնում կատարված առաջադրանքը։

  • Խմբում առաջադրանքների բաշխումը, աշխատանքի կազմակերպումն ու կիրառվելիք մեթոդաբանության որոշումը (օրինակ՝ «Կլոր սեղան», «Բառերի շրջապտույտ», «Խճանկար» և այլն):

Դասաժամի կառավարումը

  • Դասարանը պետք է դասավորված լինի այնպես, որ աշակերտները հեշտությամբ հաղորդակցվեն իրենց խմբի մասնակիցների հետ։ Խմբային աշխատանքի ընթացքում աղմուկի մակարդակը կարգավորելու համար պետք է նախապատրաստել որոշակի նշան կամ խորհրդանշան (որի շուրջ դասարանը նախապես համաձայնության է եկել):
  • Սահուն և արդյունավետ աշխատանքի համար պայմաններ ապահովելու նպատակով գործիքների տեղը և աշխատանքի վայրը պետք է անփոփոխ մնան։

Համագործակցելու նպատակը

Գոյություն ունի աշակերտների՝ համագործակցելու ցանկությանը նպաստելու և այն պահպանելու երեք եղանակ՝

  • «համայնքի» (խումբ, դասարան) ձևավորում,
  • համագործակցային առաջադրանքներ,
  • խրախուսման և գնահատման համակարգի կիրառում։

Համագործակցելու պատրաստակամությունը

Շփվելու հմտությունները զարգացնելու համար կարելի է օգտագործել մի շարք վարժություններ.

  • մոդելավորող ուսումնական խումբ,
  • համատեղ մեկնաբանություն,
  • դերախաղ,
  • դիտարկում,
  • փոխօգնություն,
  • պարտականությունների որոշում/բաշխում։

Համագործակցային ուսման հիմնական սկզբունքները

Եթե հետևյալ բոլոր սկզբունքները չեն պահպանվում, համագործակցային ուսումը տեղի չի ունենում։ Չորս հիմնական սկզբունքները (Սպենսեր Կագանի համաձայն)՝

ա) Զուգահեռաբար տեղի ունեցող շփումներ՝ ուսման գործընթացում աշակերտների միջև տեղի են ունենում բազում շփումներ։ Այսպիսով, յուրաքանչյուր անհատ աշակերտի ակտիվ մասնակցության տևողությունը շատ ավելի երկար է, քան այն կլիներ ավանդական եղանակով ուսուցման դեպքում։

բ) Անձնական պատասխանատվություն՝ աշակերտներից յուրաքանչյուրը պետք է ավարտի աշխատանքի իր բաժինը՝ խմբի աշխատանքում ներդրում կատարելու համար։ Յուրաքանչյուր աշակերտ իր աշխատանքի մասին զեկուցում է խմբին։ Դասընկերները գիտեն խմբում ներգրավված յուրաքանչյուր աշակերտի ներդրման մասին, և յուրաքանչյուր անձ պատասխանատու է առաջադրանքի կոնկրետ մասի համար։

գ) Կառուցողական փոխկախվածություն՝ անհատական զարգացումն ու խմբի զարգացումը դրականորեն փոխազդում են միմյանց, եթե աշակերտի զարգացման համար պահանջվում է դասընկերների զարգացումը, և եթե խմբի հաջողությունը միաժամանակ նշանակում է նաև մեկ այլ խմբի հաջողություն։

դ) Հավասարաչափ մասնակցություն՝ աշակերտները մասնակցում են աշխատանքին ըստ իրենց ընդունակությունների։ Այս նպատակին հնարավոր է հասնել աշխատանքի բաշխման և առաջադրանքներ հանձնարարելու միջոցով։

Եղանակներ

Ուսուցման համագործակցային եղանակներից յուրաքանչյուրն իր կիրառությունն ունի, քանի որ դրանցից յուրաքանչյուրը կարող է կիրառվել տարբեր իրավիճակներում։ Ուսուցման եղանակն ընտրելիս պետք է հաշվի առնել՝

  • աշխատանքի համար հատկացված ժամանակը,
  • վարժությունների տեսակները,
  • դասերի տեսակները,
  • բովանդակությունը,
  • փոխկախվածության աստիճանը։

 

 

 

Վերը նշվածի համաձայն՝ ստորև ներկայացվում են ուսուցման համագործակցային աշխատանքի մի շարք եղանակներ, որոնք նախատեսված են տարբեր իրավիճակներում կիրառության մեջ դրվելու համար՝

ա) Խումբ ձևավորելու եղանակը.

Մարդկանցից կազմված խճանկար՝ խմբի ձևավորման «պատահական» եղանակ։ Այս դեպքում նկարները կտրատվում են մասերի՝ խմբում ընդգրկված աշակերտների թվին համապատասխան։ Յուրաքանչյուր աշակերտի տրվում է նկարի մեկ կտոր։ Նրանք պետք է փոխանակեն նկարի կտորները միմյանց հետ։ Յուրաքանչյուր աշակերտ պետք է առնվազն մեկ անգամ փոխանակի նկարի իր կտորը։ Այնուհետև աշակերտները պետք է գտնեն, թե ում մոտ է նկարի մյուս մասը՝ նկարն ամբողջությամբ կազմելու համար։ Այս եղանակով խմբերը ձևավորվում են պատահականորեն, մինչդեռ, եթե նկարի կտորների հետևի մասում գրվեն աշակերտների անունները, ուսուցման այս եղանակը հնարավոր է օգտագործել նպատակային կերպով խումբ ձևավորելու համար։

բ) Նոր թեմայի ընկալմանը նպաստող եղանակ

Երեք քայլից բաղկացած հարցազրույց

Ուսուցիչը խմբի անդամներին տալիս է Ա, Բ, Գ և Դ տառերով քարտեր։

Յուրաքանչյուրի աշակերտի տրվում է տարբեր տեքստ և վարժություն։

Խմբի յուրաքանչյուր անդամ կարդում է իր վարժությունն ու տեքստը և նշումներ է կատարում։

  1. «Ա» աշակերտը «Բ»–ին պատմում է իր տեքստի մասին, մինչ «Գ»–ն զրուցում է «Դ»–ի հետ իր տեքստի մասին։
  2. «Բ»–ն պատմում է «Ա» –ին, իսկ «Դ»–ն պատմում է «Գ»–ին իրենց կարդացածի մասին ։
  3. Բամբասանք՝ «Ա»–ն «Գ»–ին և «Դ»–ին պատմում է այն, ինչ լսել է «Բ»–ից, որից հետո «Բ»–ն պատմում է այն, ինչ լսել է «Ա»–ից։ Այնուհետև «Գ»–ն կրկնում է այն, ինչ իրեն պատմել է «Դ»–ն, իսկ «Դ»–ն կրկնում է «Գ»–ից լսածը։

Խմբի անդամները նշումներ են անում կամ լսում են ուրիշներին, որպեսզի չորս անդամներն էլ ծանոթանան տեքստերի հետ։

գ) Ուսուցման ամփոփման և համակարգման եղանակ

Կլոր սեղան

Այս եղանակն օգտակար է՝

  • ներկայացում պատրաստելու,
  • աշակերտների կողմից որոշակի տեղեկությունների ըմբռնումը ստուգելու,
  • «ուղեղների գրոհ» անցկացնելու (կարծիքների ստեղծում՝ կոլեկտիվ քննարկման արդյունքում),
  • աշակերտներին ստուգելու և
  • գործնական աշխատանք անցկացնելու համար։

Այս վարժությունը կատարելու համար խմբի անդամներին անհրաժեշտ է  օգտագործել թուղթ և գրիչ։ Աշակերտներից մեկը որևէ բան է գրում թղթի վրա, այնուհետև փոխանցում է այդ թուղթն ու գրիչն իրենից ձախ գտնվող աշակերտին։ Գործիքները պարզապես շրջանաձև փոխանցվում են միմյանց, որից էլ առաջացել է մեթոդի «կլոր սեղան» անվանումը։

դ) Ստուգման և գնահատման եղանակները

Վարժության փոխանցում. որակի հսկողությունը և գնահատումը խմբում

Յուրաքանչյուր խումբ (նախօրոք ձեռք բերված համաձայնությամբ) մյուսներին որևէ հարց է ուղարկում, իսկ վերջիններս նրանց են ուղարկում դրա ճիշտ պատասխանը։ Այդկերպ խմբերն ինքնաստուգում են իրականացնում։

Ըստ Կագանի, ուսուցման համագործակցային մանկավարժության կիրառումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կիրառվում են բոլոր չորս հիմնական սկզբունքները։